Շոկոլադի պատմությունը

«Շոկոլադ» բառը շատերի մոտ ասոցացվում է համեղ սալիկի, անուշաբույր կոնֆետների տուփի և նմանատիպ այլ քաղցրավենիքի հետ: Սակայն շոկոլադի ստեղծման պատմությունը վկայում է, որ այն դարեր շարունակ մատուցվել է որպես խմիչք և ամենևին էլ քաղցր չի եղել: Բառագետները պնդում են, որ «շոկոլադ» («chocolate») բառն առաջացել է ացտեկների «չոկոլատլ» («xocoatl») բառից, իսկ կակաոյի ծառը, որի պտուղից էլ ստացվում էր այդ խմիչքը, լատիներենից թարգմանաբար նշանակում է «Աստվածների կերակուր»: Այն հիմնականում աճում է արևադարձային շրջաններում՝ Աֆրիկայում, Ամերիկայում, ինչպես նաև՝ Ճավա և Ցեյլոն կղզիներում։

Ենթադրվում է, որ օլմեկները կակաոն օգտագործում էին հատուկ արարողություններին թանկարժեք խմիչք պատրաստելու նպատակով: Վերջիններս իրենց գիտելիքները փոխանցել են նաև մայաներին, ովքեր սպառելուց բացի նաև երկրպագում էին կակաոն: Իսկ ահա ացտեկները հավատում էին, որ կակաոն աստվածների պարգևն է իրենց, և այն օգտագործում էին նաև որպես արժույթ. ացտեկների մշակույթում կակաոն ոսկուց արժեքավոր էր: Ացտեկական շոկոլադը հիմնականում հասանելի էր հասարակության հարուստ և բարձր դասի ներկայացուցիչներին:

Իսկ ինչպե՞ս է շոկոլադը հասել Եվրոպա: Ամենատարածված վարկածի համաձայն՝ «չոկոլատլ» կոչվող խմիչքը 1519թ.- ին Մոնթեսումա 2-րդը հյուրասիրում է Մեքսիկա ժամանած իսպանացի կոնկիստադոր գեներալ Էրնան Կորտեսին: Խմիչքը պատրաստվում էր կակաոյի ծառի պտուղներից՝ այն համադրելով վանիլի, կծու պղպեղի և այլ համեմունքների հետ, մատուցվում էր սառը վիճակում և ոսկյա բաժակներով: Եվ ահա 1527թ.-ին Կորտեսն Իսպանիա է վերադառնում այդ անգին բաղադրատոմսով: Խմիչքը սիրվում է, և շոկոլադի պատմության նոր փուլ է սկսվում: Բաղադրատոմսից աստիճանաբար դուրս է մնում կծու պղպեղը, փոխարենն ավելանում է մեղրը: Ավելի ուշ իսպանացիները սկսում են այն մատուցել տաք վիճակում, որն է՛լ ավելի համեղ էր:

Մինչև 17-րդ դար շոկոլադը շքեղության խորհրդանիշ խմիչք էր՝ հարուստ օգտակար բաղադրիչներով, բուժիչ հատկություններով և նույնիսկ՝ աֆրոդիզիակով: Այդ ժամանակաշրջանում խմիչքը հասանելի էր միայն հարուստներին:

19-րդ դարի սկզբում հոլանդացի քիմիկոս Կոնրադ վան Գուտենը ստեղծում է մամլիչ հաստոց, որի օգնությամբ կակաոյից կարողանում է անջատել կակաո-յուղը, իսկ հաստոցի մեջ կուտակվում էր կակաոյի փոշի, որը ոչ միայն բավականին մատչելի էր, այլև հեշտությամբ լուծվում էր ջրի ու կաթի մեջ: Ստացված կակաո-յուղն ավելացնելով տաք շոկոլադի մեջ՝ քիմիկոսը կարողանում է ստանալ նրա պինդ վիճակը: Գուտենի որդին, ով 1828թ.-ին պատենտավորում է հոր գյուտը, մշակում է կակաոյի ալկալիզացման գործընթացը, որի օգնությամբ վերացնելով միկրոօրգանիզմներն՝ էապես երկարացնում է արտադրանքի պահպանման ժամկետը: Արդյունքում ստեղծվում է ժամանակակից պինդ շոկոլադը:

Առաջին շոկոլադե սալիկը ստեղծվել է 1847թ.-ին՝ անգլիական հրուշակեղենի գործարանում: Իսկ 1875թ.-ին Վեվե քաղաքից Դանիել Պետերը, բազմաթիվ ձախողված փորձերից հետո, կարողանում է շոկոլադի բաղադրությանն ավելացնել չոր կաթ և ստանալ կաթնային շոկոլադ:

20-րդ դարում շոկոլադը լայն տարածում է ստանում, հայտնվում են քաղցրավենիքի տարատեսակ տարբերակներ՝ շաքարի և այլ արհեստական հավելումների պարունակությամբ: