Ինչի հետ համադրել սև շոկոլադը

Սև շոկոլադը մյուս տեսակներից առանձնանում է օգտակարությամբ և դառը համով: Շաքարի քիչ պարունակության շնորհիվ՝ այն հաջողությամբ համադրվում է քաղցր, կծու համերի և ավելի համարձակ՝ բալզամիկ բույրերի հետ, ինչն օգնում է բացահայտել հարուստ համային երանգների նորանոր շերտեր: Սև շոկոլադը կարելի է համադրել մի շարք ուտելիքների, ըմպելիքների և համեմունքների հետ:

Մրգեր

 Քաղցրահամ մրգերի ու հատապտուղների համար սև շոկոլադը հիանալի լրացում է: Շոկոլադի դառնությունը կոտրում է մրգերի քաղցրությունը և մեղմ համային նոտաներով հարուստ փունջն անտարբեր չի թողնում ոչ ոքի: Իսկ ավելի սուր և թարմ համերի սիրահարները սև շոկոլադը կարող են զուգադրել քաղցրահամ ցիտրուսային մրգերի հետ՝ իրենց օրը հագեցնելով ամառային թարմ շնչով: Աղանդերի սեղանը կարելի է լրացնել սև շոկոլադի, հատապտուղներով համեմված հարած սերուցքի և գինու եռյակով: Ի դեպ, սև շոկոլադի հետ առավել համադրելի են բանանը, լայմը, թուզը, խաղողը, նարինջը, մանդարինը, ելակը, մորին, ծիրանը, դեղձը և այլն:

Ընկուզեղեն

Շատերը սև շոկոլադն օգտագործում են թխվածքների և տարատեսակ քաղցրավենիքների պատրաստման բաղադրատոմսերի մեջ, իսկ շոկոլադի համադրումը ընկուզեղենի հետ էլ ավելի կհարստացնի թխվածքի բաղադրությունը: Ի դեպ, հետաքրքիր զանգված է ստացվում նաև սև շոկոլադը պնդուկի կամ նուշի հետ համադրելու արդյունքում: Իսկ ահա էքստրեմալ համային երանգների սիրահարները սև շոկոլադը կարող են համեմել սև պղպեղով, օրինակ՝ պատրաստելով բրաունի կամ շոկոլադե տորթ:

Պանրեղեն

Սև շոկոլադն ունի այլ համերը ճնշելու հատկություն, ուստի կարելի է հետաքրքիր համադրություն ստանալ որոշ տեսակի պանիրների, օրինակ՝ Գաուդայի, Հավարտիի, Պարմեզանի հետ: Համոզվելու համար կարելի է համտեսել թեթև տապակած բագետ հացի շերտի վրա լցրած հալեցված սև շոկոլադը՝ պատված քերած պարմեզանով:
Սև շոկոլադը կարելի է համադրել նաև այծի և կապույտ պանիրների հետ:

Սուրճ

Հաշվի առնելով, որ ևˊ սև շոկոլադի, ևˊ սուրճի հումքն աճում է միևնույն տարածաշրջանում, այս երկու բաղադրիչները բնական լրացում են միմյանց համար: Սև շոկոլադը հաճախ սուրճի համային երանգներ է պարունակում: Այն առավել համադրելի է սուրճի թունդ տեսակների հետ, մասնավորապես՝ ինդոնեզական, գվատեմալական, բրազիլական, էթովպական, էսպրեսսո և այլն:

Գինի

Սովորաբար սև շոկոլադն ու գինին համադրվում են ըստ շոկոլադի մգության և կակաոյի պարունակության. ինչքան մուգ է շոկոլադը, համապատասխանաբար, այդքան մուգ է գինին: Այստեղից հետևություն՝ սև շոկոլադը կատարյալ զուգորդվում է կարմիր գինու հետ:

Գարեջուր

Սև շոկոլադը համադրելի է նաև քաղցրահամ և մուգ գարեջրի որոշ տեսակների հետ:

Վերը նշվածներից բացի սև շոկոլադը հաջողությամբ կարելի է համադրել նաև կոճապղպեղի, դարչինի, բերգամոտով և հնդկական սև թեյերի, ծովի աղով կարամելի, վասաբիի, անանուխի, մանր ծովախեցգետնի և սաղմոնի հետ: