Շոկոլադի օգտակարությունը

Շոկոլադը, թերևս, աշխարհում ամենասիրված աղանդերն է: Համաձայն վիճակագրության՝ մարդիկ տարեկան մոտ 7 մլրդ դոլար են ծախսում այդ քաղցրավենիքը գնելու համար, իսկ ամենաշատ շոկոլադ վաճառվում է հիմնականում աշնան ավարտին: Աշխարհում ամենամեծ քանակությամբ շոկոլադ սպառում են շվեյցարացիները՝ տարեկան միջինում 10կգ:
Գոյություն ունի շոկոլադի մի քանի տարատեսակ՝ դառը, կաթնային և սպիտակ:
Դառը շոկոլադը համարվում է ամենաօգտակարը, քանի որ պարունակում է նվազագույն քանակի շաքար և չի պարունակում սերուցք կամ կաթ: Այն օգտակար է ստամոքսի, սրտի և ուղեղի համար: Դառը շոկոլադը հագեցնող է և չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը:
Չնայած այս շոկոլադի օգտակարությանը՝ վստահաբար կարելի է ասել, որ կաթնային շոկոլադն առավել սիրված է. այն քաղցր է և դառը շոկոլադի համեմատ ավելի մեծ կալորիականություն ունի, պարունակում է սերուցք կամ կաթ՝ օրգանիզմը հարստացնելով սպիտակուցով և կալցիումով:
Մյուս տեսակը սպիտակ շոկոլադն է, որն, ըստ էության, կաթնայինից տարբերվում է իր բաղադրության մեջ քերած կակաոյի բացակայությամբ: Սպիտակ շոկոլադի վնասակարության աստիճանը ցածր է, սակայն շաքարի և այլ հավելումների պարունակության պատճառով շատ օգտակար հատկություններ ևս չունի: Բայց պետք է շեշտել, որ սպիտակ շոկոլադը կալցիումի աղբյուր է՝ նպաստելով ոսկորների, մկանների, սրտի և նյարդերի առողջությանը:
Ի դեպ, այն պնդումը, թե շոկոլադն ունի գիրացնելու հատկություն, այդքան էլ ճիշտ չէ. օրական 30գ շոկոլադը մինչև կեսօր ընդունելու դեպքում վնասակար ազդեցություն չի ունենա օրգանիզմի և կազմվածքի վրա: Շոկոլադն ունի նաև աֆրոդիզիակի հատկություն՝ բաղադրության մեջ կոֆեինի, թեոբրոմինի և ֆենիէթիլամինի պարունակության շնորհիվ: Այն նաև տրամադրությունը բարձրացնելու հատկություն ունի. օրգանիզմում արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին և էնդորֆիններ, որոնք հանում են հոգեբանական ճնշվածությունն ու ցավի զգացողությունը:

Շոկոլադի հիմնական օգտակար հատկությունները

Օգտակար է սրտի և արյան շրջանառության համար

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սև շոկոլադն օգնում է վերականգնել զարկերակների ճկունությունը՝ միաժամանակ կանխելով լեյկոցիտների՝ արյունատար անոթների պատերին կուտակումները:

Կրճատում է կաթվածի ռիսկը

Ֆիննական ուսումնասիրությունները պարզել են, որ շոկոլադի օգտագործումը միջինում 17 տոկոսով իջեցնում է կաթվածի հավանականությունը:

Հարուստ է հանքանյութերով

Սև շոկոլադի 100 գ պարունակում  է՝

Երկաթ – 11.9 մգ (օրական նորմայի 67 տոկոս)

Մագնեզիում – 228 մգ

Սպիտակուց – 7.79 գ

Պոտասիում – 715 մգ

Ճարպ – 42.63 գ

Ցինկ - 3.31 մգ

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը

Ապացուցված է, որ շոկոլադի բաղադրիչ կակաոն իջեցնում է «վատ» խոլեստերինի քանակն ու բարձրացնում «լավ»-ի մակարդակը՝ կրճատելով սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Բարերար ազդեցություն ունի մաշկի վրա

Սև շոկոլադի պարունակության մեջ առկա ֆլեվանոլները կարող են պաշտպանել մաշկն արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից:

Օգնում է նիհարել

Նյարդաբան Ուիլլ Կլաուերը պնդում է, որ ուտելուց 20 րոպե առաջ մի փոքր կտոր շոկոլադ լեզվի վրա պահելիս ուղեղում արտադրվում են հորմոններ, որոնք հագեցվածության զգացողություն են առաջացնում. այդպիսով ուտելիս ավելի քիչ սնունդ եք ընդունում, քան սովորաբար:

Օգտակար է մայրիկների և փոքրիկների համար

Ֆինների ուսումնասիրության համաձայն՝ շոկոլադը մեղմացնում է ապագա մայրիկների սթրեսային վիճակը. նրանց փոքրիկներն ավելի ժպտերես են լինում:

Օգնում է կանխարգելել շաքարախտը

Կակաո-շոկոլադն ընդունում են, երբ անհրաժեշտ է բարելավել ինսուլինի նկատմամբ  զգայունությունը: Այդպիսով՝ սև շոկոլադի փոքր քանակությամբ օգտագործումը կարող է կրճատել շաքարախտի զարգացման ռիսկը:

Շոկոլադն օգտակար է ուղեղի աշխատանքի համար

Ֆլավանոլը տարեց մարդկանց մոտ կանխարգելում է հիշողության կորուստը և ունի հակաբորբոքային հատկություններ, ինչն օգտակար է ուղեղի վնասվածքների, օրինակ՝ ցնցման բուժման դեպքում: